Մահացել է անվանի բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը
CultureՄահացել է անվանի բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը: Այս առնչությամբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում գրել է. «Խորը ցավով տեղեկացա, որ մահացել է անվանի բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը․․․
Կես դարից ավել Հովհաննես Սարուխանյանը ճերմակ խալաթ կրեց՝պատվով ու հպարտությամբ․․․ Կոչումով բժիշկն իր անգնահատելի հետքն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչն իր օգտակար խորհուրդներով մշտապես մեր՝ վիրաբույժներիս, կողքին է եղել, սատար կանգնել, աջակցել բոլոր բարդ իրավիճակներում․․․
Անվանի վիրաբույժի և գիտնականի անուն-ազգանունը երախտագիտությամբ են հիշում սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել ստացած գիտելիքները, դառնալ պիտանի մասնագետներ:
Բժշկի ջանքերի շնորհիվ շատերն, այսօր, իրենց երկրորդ կյանքն են ապրում․․․
«Անցած ուղին եղել է բարդ, ժամանակ առ ժամանակ ծանր, բայց՝ երջանիկ»,- իր 75-ամյա հոբելյանի օրը բժշկական համալսարանում լրագրողների հետ զրույցում նշել է պրոֆեսոր Սարուխանյանը:
«Հարգել այն կոլեկտիվները, որտեղ աշխատում եք»,- բժշկի՝ երիտասարդներին ուղղված ամենակարևոր հորդորն է:
Ցավակցությունն եմ հայտնում մեծանուն բժշկի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին՝ իմ և բժշկական համալսարանի ողջ անձնակազմի անունից: