Բզկտված ԱՐՑԱԽ. ԽԾԱԲԵՐԴ. Արտակ Զաքարյան
SocityԽԾԱԲԵՐԴ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է հանրապետության հարավային հատվածում, Հադրութ շրջկենտրոնից` 64 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 137 կմ հեռավորության վրա՝ Քիրս լեռան հարավ-արևմտյան մասում։ Պետրոսաշեն, Սպիտակաշեն, Արփագետիկ և Վաղավեր գյուղերի հետ միասին ընդգրկված է Խծաբերդի համայնքի կազմում։
Համայնքը բարձրլեռնային է, ունի 4897 հա տարածք, որից 1492 հա գյուղատնտեսական նշանակության, 3361 հա անտառային հողեր։ Գյուղի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` Խծաբերդ գյուղի տարածքում «Տեղուն», «Պյոտուց», «Քուլանեն», «Չիմանեն», «Խաչուն» և «Կետեն», իսկ Սպիտակաշեն գյուղի տարածքում՝ «Շենին» աղբյուրը։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններից են` 16-17-րդ դարի Եղցան ձոր եկեղեցին, 17-19-րդ դարի գերեզմանոց, 16-17-րդ դարերի խաչքար, 19-րդ դարի ջրաղաց, ընդհանուր հաշվառված է 11 հուշարձան։ Խծաբերդի շրջակայքում պահպանվել են Օձաբերդ, Հազարափրկիչ, Անմտեղ պարսպապատ բերդերը՝ քանդված եկեղեցիներով, խաչքարերով (7-13-րդ դարեր), գյուղատեղիներ, գերեզմանատներ, խաչքարներ (9-17-րդ դարեր), Ղալալվի բերդ-քարայրը։
Նշանավոր է Սլկահան սար բնակատեղին՝ «Հազարափրկիչը», ավերված Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար)։
Հավելենք, որ գյուղամիջում եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ սրբատաշ պատերով, եռանավ դահլիճով, որը չի պահպանվել։ Եկեղեցու հիմքի ու քարերի շնորհիվ 1936 թվականին կառուցվել է գյուղի ակումբը։
Խծաբերդի բնակչության թվաքանակը կազմում էր 120 մարդ, կար 39 տնտեսություն։ Սպիտակաշեն գյուղում բնակվում է 11 մարդ, կար 3 տնտեսություն, իսկ Արփագետիկ գյուղում բնակվում էր 24 մարդ, կար 6 տնտեսություն։ Համայնքում գործում էին գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 25 աշակերտներ։