Հեղինակավոր «Ֆորբս» պարբերականն անդրադարձել է հայկական ստարտափին. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է
Աշխարհի ամենահեղինակավոր և ամենահայտնի տնտեսական պարբերականներից մեկը՝ «Ֆորբսը», հրապարակել է հոդված, ուր մասնավորաբար անդրադարձ է կատարվում այն խնդրին, որ շատ ընկերություններ ամիսներ շարունակ ծրագրավորողներ են փնտրում, բայց այդպես էլ չեն կարողանում համապատասխան մասնագետ գտնել։ Այս կոնտեքստում պարբերականն անդրադարձել է հայկական CodeSignal ստարտափին, որը առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ և այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։
Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսևորելու հնարավորություն: Հոդվածում նշվում է, որ ամբողջ աշխարհում մոտ 40 մլն հմուտ մասնագետների պակաս կա։ Ըստ կանխատեսումների, 2030 թվականին այդ թիվը կհասնի 85,2 մլն-ի։ Իրականում, հարցը միայն բավարար քանակի որակավորված մասնագետներ չունենալը չէ, այլ աշխատանքի ընդունման մեթոդները։
Պարբերականը կարևոր է համարում, որ ընկերությունները վերանայեն աշխատանքի ընդունման հաստատված պրոցեսները և սկսեն կիրառել նորարարական գործիքներ, և նշում է, որ CodeSignal-ը տրամադրում է մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս գործատուներին իրագործել այդ ամենը: Հիշեցնենք, որ ներկայումս հայկական CodeSignal ստարտափը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար, իսկ 2021-ին այն ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուի ցուցակում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում