Ռուսաստանցիների մեծ հոսք է սկսել Հայաստան․ ինչ է կատարվում
InternationalՈւկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի պայմաններում բարդ վիճակում են հայտնվել Ռուսաստանի քաղաքացիները։ Նրանցից շատերն այժմ մտածում են երկրից ժամանակավոր կամ մշտական հեռանալու, բիզնեսը տեղափոխելու մասին։
Վերջին օրերին քաղաքացիները Երևանի փողոցներում մեծ թվով ռուսաստանցիների են նկատում։ Միայն մարտի 3-ին, համաձայն Զվարթնոց օդանավակայանի կայքի, Ռուսաստանի տարբեր քաղաքներից 19 չվերթ է իրականացվել Երևան։
Ֆեյսբուքում, Տելեգրամում և այլ հարթակներում հարյուրավոր հարցումներ են հրապարակվում, թե ինչպես կարելի է ժամանել Երևան և տեղավորվել, տեղափոխել բիզնեսը, հաշիվ բացել բանկերում և այլն։
Կանոնավոր չվերթներից բացի արդեն չարտերային թռիչքներ են կազմակերպվում ֆեյսբուքյան հայտարարությունների միջոցով և տեղերը շատ արագ սպառվում են։ Ընդ որում, տոմսի գինը 100 հազար ռուբլի է։ Ներկայացնում ենք այդ օրինակներից մեկը։ Այս ֆեյսբուքյան հայտարարության տակ տասնյակ մեկնաբանություններ կան, որոնցում մարդիկ տեղեր են ամրագրում իրենց ընտանիքների համար։
Հայտարարության հրապարակումից երկու ժամ անց վաճառվել էր ևս 50 տեղ։
Քանի որ արևմտյան պատժամիջոցները մի կողմից, իսկ ռուսական ղեկավարության հակաքայլերը մյուս կողմից խիստ բարդացրել են ՌԴ քաղաքացիների կյանքը, նրանք Հայաստան և միգուցե այլ երկրներ կարող են մեկնել մի շարք պատճառներով։
Դրանցից մեկը կարող է լինել արտարժույթ գնելը։ Վերջին օրերին դրամի հանդեպ կտրուկ թանկացել է դոլարը։ Ռուսաստանցիների մի մասը փորձում է ազատվել ռուբլու խնայողություններից՝ հաշվի առնելով դոլարի նկատմամբ շեշտակի արժեզրկումը և սպասվող անորոշություններն ու վատատեսական կանխատեսումները։
Մի այլ մասը, հնարավոր է, փորձում է Հայաստանից դասավորել գործերը և իրականացնել նախատեսված կամ չնախատեսված ճանապարհորդությունները այլ երկրներ, քանի որ հիմա ռուսական ավիաընկերությունները խիստ սահմանափակումների տակ են։
Հայաստան ժամանողների մի մասն էլ փորձում է հաշիվ բացել հայաստանյան բանկերում, քանի որ ռուսական բանկերը նույնպես խիստ պատժամիջոցների տակ են։ Ըստ սոցցանցային գրառումների և հարցումների ռուսական շատ ընկերություններ, հատկապես, ՏՏ ոլորտից փորձում են գործունեության այլ վայրեր փնտրել, և տարբերակներից մեկը Երևանն է։
Չի բացառվում նաեւ, որ շատերը փորձում են խուսափել հնարավոր մոբիլիզացիայից՝ Ուկրաինայի եւ սպասվող այլ պատերազմներ ուղարկվելու հեռանկարով։