«Հրապարակ».Արայիկ Հարությունյանի որոշումը վերջնական է
PressԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս հունվար ամսին` իր կուսակցության հավաքի ժամանակ, հայտարարել էր, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու: Պարզվում է` այդ որոշումը վերջնական է. նա որոշել է այլեւս նախագահի պաշտոնի համար չառաջադրվել: Այժմ Արցախում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Իսկ Սահմանադրության մեջ ուզում են մեխանիզմներ դնել, որ նախագահի չլինելու պարագայում երկիրն անգլուխ չմնա` մտավախություններ ունեն, որ մի օր կարող են պետության ղեկավարի «գլուխն ուտել» եւ պետության «գլուխն» էլ ուտել:
Պետության ղեկի փոխանցման մեխանիզմներ են ուզում ներդնել Արցախի Սահմանադրության մեջ: Ինչ վերաբերում է ապագա նախագահին, ապա սկզբում կկայանան խորհրդարանի ընտրությունները` 2023-ի սկզբին, եւ կուրվագծվի, թե որ քաղաքական ուժն է երկրի բնակչության վստահությունը վայելում, ապա դրանից հետո՝ նոր նախագահի ընտրություններ: Խորհրդարանում մեծամասնություն գրաված քաղաքական ուժերն էլ նախագահ կառաջադրեն, բնականաբար` Ռուսաստանի հետ համաձայնեցված:
Այս պահի դրությամբ Արցախում ծանրակշիռ են համարվում Դաշնակցությունը, նախկին նախագահների հետ կապ ունեցող անձինք եւ ուժերը, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը», բայց մինչեւ ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա նոր դասավորումների համար: