Քերոբյանը կասկածո՞ւմ է Փաշինյանի և Բադասյանի «անկեղծության» վրա
PoliticsԱյսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցր ուղղեցին, թե արդյոք տեղեկություն ունի՞, թե թշնամուն հանձնված և այս պահին ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհով Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալն ի՞նչ փոփոխություն է կրել․
«Իհարկե, այդ ճանապարհի անմատչելիությունը հանգեցրել է նաև 2 երկրների առևտրի կրճատմանը, բայց կրճատվել է ոչ թե 2020-ի նկատմամբ, որովհետև 2021-ին 2020-ի նկատմամբ Իրանի հետ ունեցել ենք առևտրաշրջանառության 25% աճ և հասել ենք 500 միլիոն դոլարի սահմանաչափի»։
Ի՞նչ է սա նշանակում, առաջին հերթին այն, որ բյուջեն տուժել է: Իսկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ամիսներ առաջ լրիվ այլ հայտարարություններ էր անում: Նա նշում էր, որ Հայաստանը միջպետական ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից մինչ օրս տնտեսապես չի տուժել։ «Մենք 0 մեքենա ենք կորցրել, որովհետև բոլոր մեքենաները ՀՀ են մուտք գործում Մեղրիի անցակետով` Ագարակում։ Այսինքն` որևէ վճարի պակաս չենք ունենում»,– ասել էր Բադասյանը։
Նիկոլ Փաշինյանը նույնպես արտահայտվել էր այս խնդրի վերաբերյալ: Նա նշել էր, որ Հայաստանն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտար բեռները, ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջանի Ինքնավար Հանրապետություն գնալիս, պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը վստահեցնում էր, որ տնտեսական հետևանքներ դրանից չեն լինի և առևտրաշրջանառությունը չի տուժի, այլընրանքային կառուցված և կառուցվող ճանապարհներն էլ բավարար են տնտեսության վրա ստեղծված իրավիճակի բացասական ազդեցությունը մեղմելու համար:
Ինչպես տեսնում ենք՝ Քերոբյանն իր այս հայտարարութամբ կասկածի տակ է դնում ՊԵԿ նախագահի և վարչապետի ամիսներ և շաբաթներ առաջ հայտարարությունների ճշմարտացիությունը: