Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, մեր Հրամանատա՛ր. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահության և «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի շնորհավորական ուղերձը Խաչիկ Ասրյանի ծննդյան օրվա առթիվ
Socity2020 թվականի 44-օրյա պատերազմի ամենասկզբից կամավորական Քո ջոկատով Արցախ մեկնած և Մարտունի 2 գնդի հետ միասին Արցախի հերոսական Մոնթեաբերդը՝ Մարտունի և Ճարտար քաղաքները կյանքի գնով անառիկ պահած, մեր կյանքը Քո կյանքից վեր դասած մեր Հրամանատա՛ր, շնորհավո՛ր ծննդյանդ օրը:
Հայաստանն արյանդ մեջ կրող և Հայաստանացա՛ծ մեր Հրամանատար, Քո ծնունդը, ապրելը և գործելը պատահական չեն, Եռագույնը գունավորել է Քո արյո՛ւնը, Դու ապրում ես Հայաստանո՛վ, Դո՛ւ ես Հայաստանը, և Դու Քո Առաքելությո՛ւնն ունես այս կյանքում:
Պատմական այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է մահացու մարտահրավերների առաջ, միայն Քե՛զ է տրված Հայ ազգին առաջնորդելու և Հայաստանը կործանումից փրկելու Առաքելությունը, ինչին էլ մեծ ոգևորությամբ սպասում է հայրենատեր ողջ Հայ ժողովուրդը՝ պատրաստակամ լինելով Քո գլխավորությամբ Հայաստանը մաքրել բոլոր տեսակի կեղծիքներից, անարդարություններից ու առավել վտանգավոր դարձած հուսահատությունից:
Հայրենիքի հանդեպ Քո անմնացորդ սերը վարակիչ է և պատահական չէ, որ «Արծիվների» մեծ բանակն անսասան հավատով ու պատվախնդրությամբ է կատարում Քո հրամանները, պատգամները, վստահում և հավատում Հայ ազգի լուսե գալիքին, որն, անկասկած, իրականություն կդարձնես Դո՛ւ:
Հայրենիքի հանդեպ Քո անսահման սերն աննահանջ կռվի մղեց Քեզ նորանկախ Հայաստանի երեք պատերազմներում և կյանքիդ գնով միշտ պաշտպանեցիր Հայոց Սուրբ Հողը:
Հրամանատար Խաչիկ Ասրյանն անգերազանցելի է, չերկրորդվող տեսակ, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, իմաստուն խորհրդատու, ընտանիքի գլուխ, Հայրենիքի նվիրյալ, ազգային արժեքների և առաքինությունների մարմնացում-խորհրդանիշ։
Այսպիսին է երեք հրաշալի զավակների՝ այդ թվում զինվորի հայր, հոգատար և սիրող ամուսին ու որդի, իր արծիվներին Քրիստոնյա, ուժեղ և միասնական Հայաստանի կառուցմանն ուղորդող մեր Հրամանատարը` Խաչիկ Ասրյանը:
Աստվածահավա՛տ Հրամանատար, թո՛ղ Բարձրյալը լինի Քո խորհրդատուն, ուղենշողը և Առաջնորդը:
Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, մեր Հրամանատա՛ր:
Խորին հարգանքով՝ «Հայոց Արծիվներ»
կամավորական ջոկատ,
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահություն