Ոստիկանության համապատասխան ծառայողները կկարողանան կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների և նրանց ծնողների շրջանում․ նոր նախագիծ
Righte-draft.am կայքում տեղադրվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի․
««Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-177 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) Կառավարության սահմանած կարգով իրականացնել անչափահաս մեղադրյալի, վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու և ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսումից խուսափող ճանաչված, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետևանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում»»:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ոստիկանության մասնագիտացված՝ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներն իրավախախտ կամ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացնում են հրամանով, որի որոշ կետեր այլևս չեն կիրառվում։
Նախագիծը թույլ կտա պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների շրջանում արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն թույլ կտա ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների և վերջիններիս ծնողների շրջանում: