Ինչպե՞ս է Անգլիան պայքարում ծխելու դեմ
InternationalՄեծ Բրիտանիան կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ բժիշկները կկարողանան նիկոտինային մաստակների կամ պատչերի փոխարեն նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքեր նշանակել այն անձանց, ովքեր ցանկանում են թողնել ծխելը։ Անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին երկրի՝ դեղամիջոցների արտադրությունը վերահսկող մարմինը հայտարարություն է տարածել, որով հրավիրում է նիկոտինային սարքեր արտադրողներին՝ իրենց արտադրանքը ներկայացնել հավաստագրման։ Բժիշկներին կթույլատրեն իրենց հիվանդներին նշանակել այն նիկոտինային սարքերը, որոնք հաջողությամբ կանցնեն են հավաստագրումը։
Ներկայումս տարածված է այն տեսակետը, որ այս սարքերն առավել արդյունավետ են ծխելու դեմ պայքարում մի շարք պատճառներով։ Մասնավորապես՝ դրանց օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել ծխելը թողնելու ընթացքում նկատվող որոշ սիմպտոմներ՝ տրամադրության տատանումներ, ցրվածություն, և այլն։ Բացի այդ, այս սարքերն ունեն նիկոտինի չափաբաժինը կարգավորելու հնարավորություն, իսկ օգտագործման ձևով բավականին նման են սովորական սիգարետին, ինչի շնորհիվ կարիք չի լինում առօրյայից կտրուկ հանել ծխելու «ծիսակարգը»։ Այս ամենը հաշվի առնելով կարելի է ասել, որ նշանակելով հավաստագրված նիկոտինային սարքեր՝ հնարավոր է նվազեցնել այն բոլոր խոչընդոտները, որոնք մարդկանց հետ են պահում ծխելը թողնելուց։
ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կանխարգելվող հիվանդություններից մահացության դեպքերի ամենատարածված պատճառը սիգարետ ծխելն է։ Ամեն տարի ծխելու հետևանքով ավելի քան 8 միլիոն վաղաժամ մահ է գրանցվում։ Հարվարդի համալսարանի Center for Global Tobacco Control-ի տնօրեն Վ. Ռեեսը նշում է, որ կես դարից ավելի տևող այս պանդեմիան ավելի շատ կյանքեր է խլում, քան կորոնավիրուսը, սակայն, մարդիկ անհրաժեշտ լրջություն չեն ցուցաբերում։ Այս տասնամյակների ընթացքում բնակչությունն արագորեն աճում էր, և, չնայած ծխելու դեմ պայքարին ուղղված ջանքերին, ներկայումս ծխողների թիվը երբևէ եղած ամենաբարձրն է՝ 1.1 միլիարդ մարդ։ Հարկ է նշել նաև, որ ծխողների միայն 4 տոկոսն է մշտապես հրաժարվում այդ սովորությունից։
Չնայած նրան, որ սա վիճելի թեմա է, այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերը ծխելը թողնելու համար ավելի արդյունավետ են, քան պատչերը և մաստակները։ Cochrane ինստիտուտի կողմից վերջերս հրապարակված վերլուծության համաձայն՝ նիկոտինային սարքերը օգնում են առնվազն վեց ամսով թողնել ծխելը, և հնարավոր է՝ դրանք ավելի արդյունավետ են, քան նիկոտինի փոխարինման թերապիան։