ԹԱՂԱՎԱՐԴ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում. Արտակ Զաքարյան
SocityԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
ԹԱՂԱՎԱՐԴ (132 տուն մնացել են գյուղի՝ ադրբեջանցիներին անցած կողմում), գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, որի գրեթե կեսը, Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Շրջկենտրոն Մարտունուց գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 42 կմ հեռավորության վրա։ Բնակավայրը լեռնային է, ծովի մակերևույթից բարձր է 1000։ Ունի 2385,59 հա տարածք, գյուղի միջով հոսում է Վարանդա գետը։ Գյուղը բաժանված էր երկու մասի՝ Վերին Թաղավարդ և Ներքին Թաղավարդ։
Արցախի ամենախոշոր գյուղերից մեկը՝ Թաղավարդն, այլևս կիսված է փշալարով։ 132 տուն մնացել են գյուղի՝ ադրբեջանցիներին անցած կողմում, 135-ը՝ հայկական վերահսկողության տակ գտնվող Ներքին Թաղավարդում կամ, ինչպես տեղացիներն են ասում, Կալեր Թաղավարդում։ Ադրբեջանական բանակի վերահսկողության տակ մնացած հատվածում ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանցի բնակչություն չկա։
ՀՀ կառավարությունը 1920 թվականի ապրիլի 14-ին Զանգեզուրից Վարանդա է ուղարկում Դրոյին, իսկ Ղափանից Դիզակ` Նժդեհին։ Այդ օրերին կազմվում է Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կազմը հաստատվում է Վարանդայի Թաղավարդ գյուղում 1920 թ-ի ապրիլի 25-ին հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը։
Ըստ տեղեկությունների` գյուղի անվանումն առաջացել է գեղատեսիլ ու ծաղկառատ բնությունից. «վարդերի թաղ» կապակցությունը ձևափոխվել է և դարձել Թաղավարդ: Տարբեր աշխատություններում հիշատակվում է նաև, որ Թաղավարդի նախնական անվանումը եղել է Այգեհովիտ, այնուհետև՝ Բրդահունջ։
Գյուղում հաշվառված է 20-ից ավելի հուշարձան․ գյուղից 4 կմ հարավ-արևմուտքում գտնվող և 8-ից 14-րդ դարերով թվագրվող Բերդահոնջ ամրոցը, գյուղի մեջ գտնվող և 1840 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, գյուղից 1․7 կմ հարավ գտնվող և 5-ից 13-րդ դարերով թվագրվող «Ճոխտ պռվածառ» սրբատեղին, գյուղի մեջ գտնվող և 17-ից 18-րդ դարերով թվագրվող «Չուրվիշ» սրբատեղին, գյուղի եզրին գտնվող և 18-րդ դարով թվագրվող «Հին Թաղավարդ» եկեղեցին, գյուղից 2 կմ հարավ-արևմուտքում գտնվող և «Բերդահոնջի եղցի» անունով հայտնի եկեղեցին, նույն վայրում գտնվող 1645 թվականի տապանաքարը, գյուղից 2 կմ արևմուտք գտնվող և 9-ից 13-րդ դարերով թվագրվող «Գյոգ» գերեզմանոցը, գյուղի հարավային եզրին գտնվող և 14-ից 16-րդ դարերով թվագրվող «Շինատեղին արտ» գերեզմանոցը։
Թաղավարդում է գտնվում Փաթանց խաչ սրբավայրը, այն գտնվում է Կալեր կոչվող հանդամասում․ այն տափակ քար է, որի վրա խաչ է քանդակված։ Հնում գյուղացիները անձրևոտ օրեր ցանկանալու դեպքում խաչի վրա ջուր էին լցնում, իսկ արևոտ օրերի համար՝ կրակ անում։ Կալերի ներքին բլրի գտնվում է Ձիրավուշ կամ Գյունե եկեղեցին։ Ունի միջին չափեր և արձանագրություններով բազմաթիվ խաչքարեր։ Վերջիններս ունեն 1608, 1645 թվագրություններ։ Ներքին Թաղավարդի՝ Կարմիր շուկային մոտ հատվածը կոչվում է Կալեր, իսկ Վերին Թաղավարդը՝ Զարդարաշեն։
Գյուղից 5 կիլոմետր հարավ-արևելք է գտնվում Հին Ղալա անունով ամրոցը։ Ամրոցում նշվարվում են բազմաթիվ շինությունների հետքեր, ջրավազանները պահպանվել են։ Մնացել են կից ընդարձակ գերեզմանատան և հին եկեղեցու մնացորդները։ Տապանաքարերը պատկերաքանդված են XIII դարի արձանագրություններով։
Գյուղի աղբյուր-հուշարձաններից են Թաս աղբյուրը, Դերին աղբյուրը, Մինասանց, Ռուսեն, Խուդուն, Եղիային, Պլպլան, Փշին, Ծլլոկ, Շեշմա, Սաղունց, Յղոնեգի, Կարմիր, Շորեն, Կաթնաղբյուր և այլն։ Թաղավարդի մոտով հոսող գետի ափերով ձգվող մոտ 200 դամբանաբլուրները վկայում են, որ այդ հովիտը Արաքսի հարթավայրից Արցախ շարժվող էթնիկ խմբերի համար եղել է անցման ուղի։
Վերջին տվյալներով Թաղավարդում բնակվել է 1301 մարդ, գյուղն ունեցել է 344 տնտեսություն։