Ուկրաինայում հայ մարշալ Սերգեյ Խուդյակովի մասին գիրք է հրատարակվել
CultureԽարկովցի գրող Սերգեյ Մանուկյանը հրատարակել է «Թռիչք եւ պատիժ» գիրքը՝ մարշալ Սերգեյ Խուդյակովի կյանքի մասին։ Գիրքը պատմում է տասնյակ ու հարյուրավոր կերպարների, նրանց դրամաների ու ողբերգությունների մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է AnalitikaUA.net-ը։
«Հեղինակը եզակի փաստեր է բացահայտում մարշալ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) կյանքից՝ նրա մանկության, ընտանիքի, կյանքի ուղու եւ Ուկրաինայի հետ կապերի մասին։ Ինքը՝ գրող Սերգեյ Մանուկյանը խոստովանում է, որ աշխարհահռչակ մարշալի ճակատագրի գաղտնիքը դեռ մնում է չբացահայտված»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը բարձր է գնահատում հայոց պատմության եւ մշակույթի հանրահռչակմանը նպաստելու հայրենակիցների պատրաստակամությունը։
Սերգեյ Իշխանի Մանուկյանը պատմաբան եւ լրագրող է, Ուկրաինայի լրագրողների ազգային միության անդամ։ Պարբերական (տեղական եւ կենտրոնական) մամուլում հրատարակվել է ավելի քան 200 հոդված՝ սոցիալ-տնտեսական թեմաներով, ինչպես նաեւ ռազմարդյունաբերական համալիրի եւ ռազմական պատմության հարցերի վերաբերյալ։ Հրապարակումներ է ունեցել «Զնամյա», «Գիտություն եւ տեխնիկա» ու այլն ամսագրերում։
Նա հեղինակել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական պարգեւները», «Հետաքննությունների դաշնային բյուրո. Ոչ գաղտնի նյութեր», «Թռիչք եւ պատիժ. Մեկ անկման պատմություն» եւ մի քանի այլ գրքեր։