Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրում
SocityՀամացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ եվրոպական դեսպանատներն այլևս շենգենյան վիզա չեն տրամադրում արցախցիներին՝ ասելով, որ պետք է դիմեն որպես օտարերկրյա քաղաքացիներ։ Նշվում է, որ, մասնավորապես, այդպիսի դեպք եղել է Լեհաստանի դեսպանատանը։ ԼՈԻՐԵՐ․com-ը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղից մեր հարցմանն ի պատասխան` հայտնում են․ «ՀՀ ԱԳՆ-ն ստացել է մի քանի ահազանգ այն մասին, որ առանձին քաղաքացիների վիզա ստանալու դիմումները ԵՄ անդամ երկու տարբեր երկրների դեսպանությունների կողմից չեն ընդունվել՝ կապված ՀՀ-ում հաշվառում չունենալու հետ։ Նշված բոլոր դեպքերում ՀՀ ԱԳՆ միջամտության արդյունքում խնդիրը լուծվել է։ Կոնկրետ երկրների նշումը չի դիտարկվում նպատակահարմար»,- տեղեկացնում են ԱԳՆ-ից։
Նախարարությունից նշում են, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ որպես օտարերկրյա քաղաքացի դիմելու վերաբերյալ տեղեկություններ երբևէ չեն ստացել։
Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր նաև Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը․ «Շենգենյան վիզաների վերաբերյալ լսել եմ մի քանի անհատական դեպքի մասին և կոնկրետ երկրների դեպքի մասով։ Այս երկրների մասով հաջողված դեպքեր էլ են եղել, որից ենթադրում եմ՝ համակարգային խնդիր կամ որոշում չկա ԵՄ երկրների կողմից։ Միգուցե, կոնկրետ երկրների կողմից այդպիսի որոշում կա։ Կոնկրետ դեպքերի դեպքում գիտեմ, որ մեր ԱԳՆ-ն ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ կարողացել է նաև լուծում տալ նմանատիպ խնդիրների։ Ամեն դեպքում, անընդունելի է որևէ արցախցու ըստ ծագման կամ ծագման վայրի, բնակության վայրի հիման վրա խտրականության ենթարկել, սա էական խնդիր է, եթե այդպիսի ինստիտուցիոնալ խնդիր կա, ուրեմն ՀՀ-ն իր գործընկերների, ՀՀ-ում ներկայացված երկրների հետ համատեղ պետք է լուծում տա»,- նշել էր Արցախի պետնախարարը։
Սոնա Հարությունյան