Արսեն Բաբայանը ցանկանում է առաջադրվել ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում
Alternative opinionԱրսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հաջորդ գաղափարի իրագործման մասին
Արդեն ասել եմ, որ այս տարին սկսել եմ նոր գաղափարներով, նոր ծրագրերի իրագործմամբ։ Համոզմունք էի հայտնել, որ առանց նոր անելիքի իմաստ չունի հանրային դաշտում ակտիվությունը։ Որպես նոր ծրագիր նախորդ գրառմամբ ազդարարել եմ MediaHub-ի եթերում «Իրավական Պետություն» նախագծի մասին։ Արդեն այս շաբաթ կթողարկվի առաջին հարցազրույցը, իսկ ավելի ճիշտ՝ եթերային դժվար խոսակցությունը։
Այժմ ներկայացնում եմ հաջորդ գաղափարը։
Արդեն ակնհայտ է, որ այս իշխանության դեմ ստանադարտ գործողություններով պայքարը կարճ ժամկետում էական արդյունքը չի տալիս, ուստի անհրաժեշտ են ոչ ստանդարտ գործիքներ։ Այդպիսի գործիքներից է, օրինակ՝ ամենօրյա հրապարակային ելույթների, հարցազրույցների և սոցիալական ցանցերում գրառումներ անելու փոխարեն՝ ակտիվ գործնական քայլերը։ Իշխանության հետ ճակատ ճակատի կռիվ տալը։ Մտնել այն խորքերը, որտեղ թաքնված է այս իշխանության մերկությունը։ Մերկությունը՝ թայֆայականության, ապաշնորհության, անգրագիտության, կոռումպացվածության, անարժեքության ու անհայրենիքության։ Մտնել այդ խորքերն ու այդ խորքից դուրս հանել նրանց մերկությունը։
Այսպիսով, նպատակ ունենալով բացահայտել և կանխել այս իշխանության թայֆայականությունը (պետությունն իրենն է ու իր մերձավոր շրջապատինը), պետական ռեսուրսներն անձնական շահերին ծառայեցնելը, քարոզչական պետական կարևորագույն համակարգը սեփական դիկտատորական իշխանությունն ամրապնդելու գործիք դարձնելը, քաղաքական ու հասարակական հակառակորդներին ֆեյքային ֆերմաների միջոցով հայհոյելը, լրատվական դաշտն անվերադարձ ապականելը։
Ինչպես նաև պետական կառույցն էժանագին ֆեյքերի կենտրոնից կրկին արժանապատիվ ու թշնամուն հաղթող կառույց դարձնելու անհրաժեշտությունը՝
որոշել եմ առաջադրվել ՀՀ կառավարության աշխատակազմի «հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (հանրությանը հայտնի է որպես ֆեյքերի ՊՈԱԿ) տնօրենի պաշտոնում՝ մասնակցելով այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին։
Ինչ նպատակներ ունի այս գործողությունը.
1) Փաստարկված ապացուցել, որ գործող իշխանությունը պետական բոլոր պաշտոններում նշանակում է բացառապես իր քավոր սանիկներին, աներձագ քեռեկիններին, հորեղբայրներին ու նրանց բարեկամներին։ Մի բան, ինչի համար Նիկոլ Փաշինյանը բոլոր ամբիոններից մեղադրում էր նախորդ իշխանությանը։
2) Փաստարկված ապացուցել, որ երբեմնի ամենաարդյունավետ գործող ՊՈԱԿ-ը վերածել են ֆեյքերի անարժեք ֆաբրիկայի։
Կամ՝
3) Վերականգնել ՊՈԱԿ-ն իր նշանակությամբ, հեղինակությամբ և արդյունավետությամբ։
4) Փրկել հնարավորինս շատ պետական կառույցներ և պաշտպանել հնարավորինս շատ հանրային ծառայողների իրավունքներ։
Հարց կառաջանա, թե արդյո՞ք կարծում եմ, որ այս իշխանությունն ինձ հնարավոր է նշանակի իրենց համար կենսական նշանակություն ունեցող ֆեյքերի բուծարանի տնօրեն։ Պատասխանս միանշանակ բացասական է։ Վստահ եմ, որ չի նշանակի ու այդպիսով իրականացված կլինի 1-ին և 2-րդ կետերում նշածս նպատակները։
Հաջորդ հարցը, որ կարող է առաջանալ՝ եթե, այնուամենայնիվ, նշանակի չուզելով կամ որևէ նենգ հաշվարկով, ապա ինչպե՞ս եմ աշխատելու այս իշխանության հետ։ Պատասխանս հստակ է՝ օրենդրությամբ սահմանված կանոններով, ապօրինի տրված հանձնարարությունները մերժելով և այդպիսով կիրագործվի այս գործողության նպատակների 3-րդ և 4-րդ կետերը։ Այսինքն՝ իրենք պետք է անհանհգստանան, թե ինչպես են աշխատելու ինձ հետ։
Այսպիսի միջոցառումները շարունակական են լինելու։