Գեղարքունիքում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորվել է հինգ զինծառայող. Բադալյանը նոր մանրամասներ է հայտնում
Alternative opinionՄարտական գործողություններն այս պահին ընթանում են Նորաբակի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով ևս երկու հայ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է բլոգեր Միկա Բադալյանը։
«Վարդենիսում վիրավորների ընդհանուր թիվը հասել է հինգի։ Վիրավորումը թեթև է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտերը շարունակվում են»,- նշել է Բադալյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։
Ավելի ուշ Միկա Բադալյանը թելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ Վերին Շորժայում փոխհրաձգությունը վերսկսվել է և երկու զինծառայող վիրավորում է ստացել։ Նա նաև տեղեկացրել է, որ ադրբեջանցիները կրակ են բացել նաև Կութի դիրքերի ուղղությամբ։