Արցախը՝ լուսանցքում, Լաչինի միջանցքը՝ վտանգված. ԵՄ միջնորդական ակտիվության առաջին «պտուղները»
PoliticsԲրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի եռակողմ հանդիպման արդյունքներով կողմերի հայտարարությունները որևէ կերպ չփարատեցին հայ հանրության մոտ առկա մտահոգությունները՝ Հայաստանի և Արցախի ապագայի մասով:
Շուրջ 4 ժամ տևած բանակցություններից առաջ Ադրբեջանի նախագահը փորձեց իրավաչափություն սահմանել այսպես կոչված` Զանգեզուրի և Լաչինի միջանցքների միջև: Նիկոլ Փաշինյանը, դրան ի պատասխան, հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ և նշեց, որ նման մոտեցումը ՀՀ համար անընդունելի է, և նա այդ միտքը հանդիպման ընթացքում հասցնելու է Իլհամ Ալիևին: Ինչպես երևում է՝ չհասցրեց, քանի որ հանդիպումից հետո արդեն նոր գրառմամբ Փաշինյանը խոսում էր ոչ թե միջանցքից, այլ վերագործարկվող երկաթուղու հավանական տնտեսական էֆեկտից:
Հանդիպման արդյունքում ընդունված հայտարարություններում խոսք անգամ չկա Արցախի, Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի մասին: Սա նշանակում է, որ Սոչիի հանդիպումից հետո ևս մեկ անգամ հաստատվում է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը Արցախից լվացել են և օրակարգում միայն երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներն են:
Հարկ է նշել, որ հայտարարության տեքստում ռազմագերիներ բառը փոխարինված է կալանավորներով: Ի դեպ, հայ գերիները կալանավորներ են համարվում նաև Հայաստանում, նրանցից մի քանի նկատմամբ արդեն իսկ քրեական գործեր են հարուցվել: Հայտարարության մեջ նման ձևակերպումը էականորեն դժվարեցնելու է հայկական կողմի՝ միջազգային կառույցներում հայ ռազմագերիների վերադարձի համար տարվող պայքարը: Եթե նման պայքար, իհարկե, կա և գործ չունենք աշխատանքի բուռն իմիտացիայի հետ:
Հանդիպման թերևս գլխավոր արդյունքն այն է, որ ԵՄ-ին փաստացի հաջողվեց խցկվել սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեջ: Ըստ հայտարարության՝ ԵՄ-ն տրամադրելու է տեխնիկական աջակցություն այդ պրոցեսը իրականացնելու համար: Սակայն, այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս, եթե Մոսկվան բազմիցս հրապարակայնորեն հայտ է ներկայացրել միանձնյա իրագործելու այդ գործընթացը՝ ՌԴ ԳՇ-ում եղած քարտեզների հիման վրա: Ստացվում է՝ այս հայտարարությունը Փաշինյանի կողմից հերթական փորձն է՝ թռնելու Մոսկվայի գլխից և Կրեմլի մենաշնորհը կոտրել` Արևմուտքին դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեջ ներառելով:
Պուտինը Սոչիում Ալիեւին ու Փաշինյանին Բրյուսել ճանապարհեց հստակ հրահանգով՝ չշեղվել Սոչիի ռուս-թուրքական օրակարգից։ Բրյուսել մեկնելու օրն էլ Փաշինյանը Լիպարիտյանին ուղարկեց ԱԺ՝ պատգամավորներին այս ամենը հիմնավորելու համար։ Սակայն, ինչպես ցույց են տալիս Բրյուսելում ընդունված հայտարարությունները՝ որոշակի շեղում Կրեմլի սահմանած օրակարգից, ամեն դեպքում, արձանագրվեց: Այժմ ուշագրավ է, թե ինչպես այս ամենին կարձագանքի պաշտոնական Մոսկվան: