Եթե մեզանից յուրաքանչյուրը իրեն պատկերացնի ոստիկանի դերում, նման վտանգավոր կարծիքներ չենք ունենա
Alternative opinionՆախօրեին Գավառում կատարվածն անշուշտ ոչ միայն մտահոգիչ է, այլ նաև ցավալի. մարդիկ են զոհվել:
Այս իրավիճակում հասարակության որոշ շերտերի համար թիրախ են դառնում ոստիկանները, այդպես լինում է նման ցանկացած պարագայում: Հասկանալի է, որ առանձին շրջանակների համար սա հիանալի առիթ է՝ անձնական հարցեր լուծել, ասենք, ոստիկանապետի հետ, պահանջել նրա հրաժարականը: Հասկանալի է նաև, որ մեր հասարակության մեջ շատերը դառնալու էին քրեագետ, ոստիկանության համակարգի խորագիտակ, աշխարհի լավագույն փորձագետ:
Ավելին, ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, թե ինչու ոստիկանությունը զենք չի գործադրել: Այսինքն, մենք կողմնակից ենք անհամեմատ մեծ թվով զոհեր ու վիրավորներ ունենալո՞ւն: Ի վերջո, ոստիկանական ուժերին հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը, վերահսկողության տակ պահել:
Այո, եղել են ցավալի իրադարձություններ, այո, եղել են զոհեր: Սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող էին լինել, եթե ոստիկանների օպերատիվ գործողությունները չլինեին: Եթե մեզանից յուրաքանչյուրը գեթ մեկ վայրկյան իրեն պատկերացնի ոստիկանի դերում, գուցե նման վտանգավոր ու տարօրինակ կարծիքների առատություն չենք ունենա:
Աշոտ Ոսկանյան