Ճարտար համայնքի բնակչի դիակը փոխանցվել է հայկական կողմին
SocityԱդրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը: Այս մասին հաղորդում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
ԱՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ։
Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Արցախի` Մարտունու շրջանում: Միջադեպի ժամանակ ադրբեջանական պահակակետում սպանվել է Արցախի բնակիչ։ Ըստ հաղորդագրության` ադրբեջանական կողմը քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: