Քաղաքապետն ու մարզպետը մեղադրել են միմյանց. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է
Այս կիրակի Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կազմակերպվում են ցուցակների առաջին համարների մասնակցությամբ հեռուստաբանավեճեր: Մասնավորաբար, Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ նման մի բանավեճ օրերս տեղի է ունեցել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, բանավեճը բավական լայն արձագանք է ստացել, Վանաձորում հատկապես բուռն քննարկման առիթ է դարձել այն հանգամանքը, որ սուր հակադրության մեջ են մտել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը գլխավորում է իր անունը կրող ցուցակը, և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, որը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը: Լոռու մարզպետը Ասլանյանին մեղադրել է վատ աշխատանքի մեջ, իսկ վերջինս իր հերթին Խաչատրյանին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով մեծ թվով ղեկավար պաշտոն զբաղեցնողների աշխատանքից ազատելու մեջ:
Մամիկոն Ասլանյանը եթերում նույնիսկ թվարկել է անուններ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն այս բանավեճից, այլև բակային հանդիպումներից հետո Արամ Խաչատրյանի հաղթելու շանսերը էլ ավելի են փոքրացել: Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, բավականին բարձրացել է «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վահե Դոխոյանի վարկանիշը, որն, ի դեպ, ըստ վանաձորցիների, նշյալ հեռուստաբանավեճի ժամանակ էականորեն տարբերվել է իր հավասարակշռված պահվածքով, տրամաբանված խոսքով:
Վանաձորում նաև խոսում են, որ բանավեճի ժամանակ բավական լավ տպավորություն է թողել նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Անդրանիկ Ղուկասյանը: Հավելենք, որ գրանցված տասը ուժերից բանավեճին մասնակցել են վեցի ներկայացուցիչները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում