Բողոքի ակցիայի մասնակիցները դիմում հանձնեցին կառավարությանը եւ քայլերթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր և ԱԺ
PoliticsՀանրապետության հրապարակում ընթանում է «Զարթոնք» և 5165 կուսակցությունների նախաձեռնած բողոքի ակցիան՝ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը ժողովրդին գաղտնազերծելու պահանջով։
«Մեր ակցիան խաղաղ բնույթ ունի, և մեզ համար զարմանալի է՝ ինչու են այստեղ այսքան ոստիկաններ հավաքվել։ Այս ակցիան վերկուսակցական է։ Ակցիայի նպատակն է՝ պահանջել Նիկոլ Փաշինյանից հրապարակել, ժողովրդին հասանելի դարձնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող այն փաստաթուղթը, որն, իր ասելով, դրված է իր սեղանին և որը, կրկին իր ասելով, ինքը պատրաստ է ստորագրել», - հայտարարեցին ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք ընթերցեցին նաև կառավարությանը հասցեագրված դիմումը․
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում։ Փաստաթղթի վերաբերյալ ունենք հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կարևոր բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։
Մեր մտահոգությունները սույն խնդրի վերաբերյալ ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտման ուղղված թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են։
Համաձայն ՀՀ սահմանադրության, ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։
Համաձայն ՀՀ ԳԽ 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Ելնելով նշվածից՝ պահանջում ենք կառավարությունից ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը»։
Բողոքի ակցիայի նախաձեռնողներն ու մասնակիցները կառավարությանը հանձնեցին ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ստորագրվելիք փաստաթուղթը գաղտնազերծելու պահանջով իրենց դիմումը։
ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը մինչ դիմումը հանձնելը հայտարարեց՝ հիմնավոր մտավախություններ ունեն, որ փաստաթղթով Արցախը նշվելու է Ադրբեջանի կազմում, իսկ փաստաթղթի բովանդակության բացահայտման գործին ուղիղ առնչություն ունի ևս երկու մարմին՝ նախագահն ու խորհրդարանը։ Դիմումներ են ներկայացվելու նաև նրանց։
«ԱԺ-ն է ընտրել կառավարությանն ու Փաշինյանին, ԱԺ-ն գործադիրի նկատմամբ վերահսկողություն իրականացնող, իշխանության առաջնային մանդատ ունեցող մարմին է։ Պետք է պահանջենք տեր լինել ՀՀ ԳԽ 1992 թ․ հուլիսի 8-ի որոշմանը, ըստ որի ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ նշված կլինի Ադրբեջանի կազմում, որպեսզի գործադրին թույլ չտան կատարել գործարք, որով Արցախը կնշվի Ադրբեջանի կազմում, ինչի մտավախությունն ունենք»,- ասաց նա։
Կառավարությանը հասցեագրված դիմումը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի նախագահական նստավայր, ապա դիմում են հանձնելու խորհրդարան և վերադառնալու են Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 17։00-ին համահավաք է կայանալու, որի ընթացքում հանրությանը տեղյակ կպահեն հետագա գործողությունների մասին։