Սահմանային լարվածության ֆոնին բյուջե են քննարկում. ինչու տապալվեց ընդդիմադիրների նախագիծը. «Ժողովուրդ»
Press«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր խմբակցությունները, սահմանային այս լարված իրավիճակի ֆոնին, երեկ նախաձեռնել էին անցկացնել հրատապ նիստ, որին կհրավիրվեր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կպատասխաներ պատգամավորների հարցերին: ԱԺ խորհրդի նիստում, սակայն, այդ օրակարգը չի հաստատվել, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե արտահերթ նիստ հրավիրելու համար նախատեսված կարգն է խախտվել, այնինչ ընդդիմադիր խմբակցությունները դա քաղաքական հարց են համարում:
Ինչպես հայտնի է, երեկ Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք արեւելյան տեղամասերից մեկում: Եվ, ահա, ընդդիմադիր խմբակցությունները նպատակ են ունեցել արտահերթ նիստում քննարկել հենց այս հարցերը, սակայն իշխանությունների կողմից առաջարկը մերժվել է, եւ պատճառաբանվել է այն հանգամանքը, որ այսօր եւ վաղը վարչապետն ու կառավարության անդամները լինելու են խորհրդարանում եւ մասնակցելու են բյուջեի քննարկումների, ապա՝ հարցուպատասխանի: Սակայն նկատենք՝ ընդդիմադիր խմբակցությունների նպատակը հենց սահմանային իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստի հրավիրումն էր, այլ ոչ թե բյուջեի վերաբերյալ քննարկման ժամանակ այդ թեմայով մեկ-երկու հարցի պատասխանելը: Հարցերն իրավամբ շատ էին՝ սկսած ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինիս պաշտոնանկությունից առաջ ուշագրավ դեպքեր էին տեղի ունեցել. նոյեմբերի 6-ին Արշակ Կարապետյանն այցելել էր Արցախ, ինչն ավելի քան տասը ամիս ընդմիջումից հետո նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր: Այցն արժանացել էր Բաքվի զայրալից արձագանքին: Կարապետյանի այցին հաջորդեց նոյեմբերի 8-ին բացահայտ սադրանք-սպանությունը Շուշիի մերձակայքում: Հետո ադրբեջանցիները տարածեցին տեղեկություն Սեւ լճում դիրքային առաջխաղացման մասին, Հայաստանի ՊՆ-ն տարածեց հերքող տեղեկություն ու տեսանյութ: Հետո եղավ Շուշիի մոտ ադրբեջանական հենակետի ուղղությամբ նետված պայթուցիչի դրվագը եւ, փաստորեն, գրեթե զուգահեռ ներխուժումը Հայաստանի արեւելյան սահմանային հատվածներից մեկը:
Եվ, ահա, այս այցերն ու հետեւանքները քննարկելու փոխարեն, իշխանությունները որոշել են ԱԺ-ում քննարկում կազմակերպել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում