Լուրջ խնդիր է 6 գյուղի համար, 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ․ Գևորգ Փարսյանը՝ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետեր տեղակայելու մասին
SocityԴա շատ լուրջ խնդիր է մեզ համար, այլընտրանքային ճանապարհ չունենք, այլընտրանքային տարբերակը միայն Մեղրիով է ստացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Շանթ» դաշինքի Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, ըստ որի ՝այս գիշեր Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը և Հայաստանը կտեղակայեն անցակետեր։
«Փաստորեն 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ։ Մեր գյուղացիները այդքան ճանապարհ պիտի անցնեն, որ հասնեն Կապան։ Միակ այլընտրանքային ճանապարհը, որը կառուցված է 90-ականներին դա անտառամիջյան ծանր, դժվարանցանելի ճանապարհն է, որի վրա պետք է մեծ աշխատանք տարվի։ Մեծ խնդիր է, վաղվանից պետք է մտածենք 6 գյուղական բնակավայրերի բնակիչների մասին»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նպատակահարմար կլինի, որ բնակիչները նույն ճանապարհով երթևեկեն և անցնեն ադրբեջանական մաքսակետով, ապա Փարսյանն ասաց, որ դրա մասին պետք է լրացուցիչ խոսել, անվտանգության հետ կապված հարցերից կախված կլինի։
Գևորգ Փարսյան նաև նշեց, որ այդ գյուղերի պարենային խնդիրը կլուծվի, քանի որ նշված երկար ճանապարհը կա, իսկ կարճ ճանապարհը Գեղանուշ համայնքով ճանապարհն է, որը շատ վատ վիճակում է, այնտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են, միայն այն բանից հետո, երբ Որոտանի հատվածում ադրբեջանական մաքսակետ դրվեց։
Կապանի քաղաքապետը մանրամասնեց, որ խնդրի առաջ է կանգնում ոչ միայն Ճակատենը, այլ 5 բնակավայր ևս։ «Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերդ, Սրաշեն համայնքները, մոտ 600-700 բնակիչ կա»,-մանրամասնեց նա։
Անդրադառնալով հարցին, թե գործադիր իշխանության հետ համագործակցելու է, Փարսյանն ասաց, որ դա անխուսափելի է, Կապանը համայնք է, պետության մի մաս և համագործակցություն պետք է լինի։ «Նման խնդիրներ ունենք, նման մարտահրավերներ, պետք է միասնական ուժերով հաղթահարենք»,– ընդգծեց նա։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, ինչպես է համագործակցելու, Փարսյանն ասաց, որ հունիսին ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, ձևավորվել է կառավարություն, կան ՏԻՄ մարմիններ, համագործակցությունն անխուսափելի է։