Այս կրակոցները ահաբեկչական հանցավոր արարքներ են, որ ոչ միայն քաղաքացիական անձանց ապօրինի զրկել են կյանքի իրավունքից, այլ նաև նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը․ ՄԻՊ
RightՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից կրակոցներով քաղաքացիական 3 անձի վիրավորելը և 22-ամյա 1 անձի սպանությունն անհերքելի ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական որևէ բնակավայրի մոտ չպետք է լինեն: Այդքան այս մասին զգուշացնում ենք:
Պետք է ի վերջո ընդունել, որ ինքնին ադրբեջանական զինվորականների ներկայությունը քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է, ովքեր ապրում են իրենց կյանքի համար անմիջական անընդհատ վտանգի ներքո:
Արցախի իմ գործընկերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը (Gegham G. Stepanyan) հաստատել է, որ այսօր՝ 2021թ. նոյեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի մոտ ջրամատակարարման խողովակների վրա նորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց վրա: Արդյունքում՝ խաթարվել է նաև Բերձրորի ճանապարհի Շուշիի հատվածի երթևեկությունը: Այս տեղեկությունները հաստատումոցվ հրապարակել է նաև Արցախի ԱԱԾ-ն:
Այս կրակոցները ահաբեկչական հանցավոր արարքներ են, որ ոչ միայն քաղաքացիական անձանց ապօրինի զրկել են կյանքի իրավունքից, այլ նաև նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:
Ակնհայտ է, որ Հայաստանի ու Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է, դա խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը, մարդկանց բնականոն կյանքը:
Փաստերը վկայում են, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում այս խախտումները բնույթով նույնն են ու դրանց իրական պատճառը ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է: 2020թ. պատերազմից հետո այն ոչ միայն չի նվազել, այլ ծայրահեղ դրսևորումներ է ստացել՝ ի ցույց դնելով ֆաշիստական բնույթը: Այն ավելի է մեծացնում լարվածությունը և խորացնում թշնամանքը:
Սա մարդու իրավունքների լրջագույն խնդիր է: Ադրբեջանական այս քաղաքականությունն է մարդկանց կյանքի, սեփականության և մյուս բոլոր իրավունքների խախտումների հիմքում, այն խախտումների աղբյուրն է: