«Հրապարակ».ԵԽԽՎ համազեկուցողները չեն թաքցրել իրենց զարմանքը գործող իշխանությունների կողմից իրականացվող սահմանափակումների վերաբերյալ
PressՀայաստանյան հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք մի քանի օր է՝ Երեւանում են եւ հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ, խորհրդարանական ընդդիմության հետ երեկ ունեցած հանդիպմանը չեն թաքցրել իրենց զարմանքը գործող իշխանությունների կողմից լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող սահմանափակումների վերաբերյալ։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը նրանց հայտնել է, թե 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ ՀՀ իշխանությունները որոշել են լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակել խորհրդարանում, որը նիստի օրերին քրեակատարողական հիմնարկ է հիշեցնում: Ասել է, որ ՔԿՀ-ներում ավելի հեշտ է տեղաշարժվելը, քան լրագրողներին են թույլատրում խորհրդարանում։
Համազեկուցողների աչքերը կլորացել են՝ նրանք հետաքրքրվել են, թե երբ է կայացվել այդ որոշումը, ում կողմից, ինչպես է դրսեւորվում եւ այլն: Ապա խնդրել են ընդդիմադիր պատգամավորներին գրավոր տարբերակով իրենց տրամադրել այդ որոշումը։ Վարդեւանյանը հանդիպմանը ներկայացել է պատրաստ եւ տեղում նրանց է փոխանցել փաթեթը, որում ընդգրկված են եղել այս եւ բոլոր մյուս խնդրահարույց որոշումներն ու օրենքները` մամուլի հետ կապված։
Համազեկուցողներին են ներկայացվել նաեւ դատական համակարգի, մարդու իրավունքների եւ այլ ոլորտների խնդիրներ, որոնք, բնականաբար, իշխանական պաշտոնյաներն ու պատգամավորները չեն ներկայացնում համազեկուցողներին: