Տարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը և հնարավոր հետևանքները․ Թադևոս Ավետիսյան
EconoмицсTert.am-ը հրապարակում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է տարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերին և հնարավոր հետևանքներին.
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային արդի միտում է։ Այն կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսի պարտադրանքով։
Փաստ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունը Հայաստանի հարևան երկու երկրները նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։
Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։
Այս համատեքստում հատկանշական է նաև, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը ևս իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ ակնկալելով նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։
Տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը՝
- հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,
- ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,
- անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,
- մյուս կողմից՝ այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, ավելին՝ դարձել է առաջնային, օր առաջ և ամեն գնով, ներառյալ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով, իրագործման ենթակա,
- անխոս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարևան երկու պետություններում, այլև իրագործվում է անշեղորեն՝ հենց իրենց կողմից պարտադրվող սցենարով։
Հավաքական այս գնահատումներն ունեն առարկայական խորը հիմքեր
1. Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։