Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահությունը գահավիժում են հենց իշխանության մեղքով․ Ժիրայր Սեֆիլյան
Հովտաշատի (Մեյմանդարի) շուկայի որոշակի ժամանակով փակելը և դրա դեմ գյուղացիական բողոքը ոստիկանական ուժով ճնշելը կառավարման ապիկարության տիպական դրսևորում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Հակահամավարակային միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է իրականացնել առանց գյուղմթերքի իրացմանը խոչընդոտելու։ Ակնհայտ է, որ բերքը չի կարող սպասել», գրել է Ժ․Սեֆիլյանը։
Ըստ նրա՝ նույն տրամաբանությամբ է պետք վարվել բանկային գործառնությունների հետ կապված մարդկային կուտակումների հետ․
«Տասնամյակներով վաշխառուական գործունեությամբ ժողովրդին կեղեքած բանկերը չեն սնանկանա, եթե համավարակի ընթացքում մի քանի ամսով վարկային արձակուրդ տրվի վարկառուներին։ Բանկերն են տնտեսության և ժողովրդի համար, այլ ոչ հակառակը»։
Հակահամավարակային կառավարումը, Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, պետք է հիմնված լինի իշխանության հեղինակության և նրա նկատմամբ վստահության վրա․
«Մինչդեռ դրանք գահավիժում են հենց իշխանության մեղքով։ Եվ իշխանությունը պետք է իր մեջ փնտրի ձախողման պատճառը։ Հիմա էլ ուշ չէ՝ ձախողված մոտեցումները վերանայելու և կառավարելիությունը վերականգնելու համար», ամփոփել է Ժիրայր Սեֆիլյանը։