Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը
SocityԿորոնավիրուսի հետեւանքով մահացել է մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Նիկոլ Աղբալյանի անվան Երեւանի թիվ 19 հիմնական դպրոցից:
Ժաննա Ալբերտովնան ավելի քան 40 տարի աշխատում էր Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: Մեզ փոխանցեցին, որ նրա մոտ հիվանդությունը սրացել էր մոտ երկու շաբաթ առաջ: Ուսուցչուհին ունեցել է նաեւ ուղեկցող հիվանդություններ:
Ժաննա Ազարյանը 64 տարեկան էր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մահացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը:
Ցավակցական հաղորդագրություն է տարածել նաեւ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը, որում մասնավորապես ասված է. «Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում: Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի: Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք եւ անելիք ուներ: Իր կրթած բազմաթիվ սերունդների եւ գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի եւ լավագույն ուսուցչուհի: Հանգչի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի Ժաննա»: