Հայտնի են Vbet ՀՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը
SportՀայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիման, ով անցկացրած 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Լիման առաջ է անցել «Նոայի» և «Փյունիկի» դարպասապահներ Գրիգորի Մաթեւոսյանից ու Ստանիսլավ Բուչնեւից, ինչպես նաեւ՝ «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանից։
Ամսվա լավագույն մարզիչը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է, ում գլխավորությամբ երեւանյան ակումբն անցկացրած 3 խաղից հաղթել է 2-ում և գրանցել 1 ոչ-ոքի։ Մելիքյանը ձայների հաշվարկում շրջանցել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին, ով լավագույնն էր օգոստոս ամսին, և «Նոայի» գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանին։
Լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի և ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: Vbet ընկերության կողմից մրցանակներ սահմանված են յուրաքանչյուր ամսվա համար: