Չենք կարող Արցախը լքել, պետք ենք, բայց 4 անչափահաս երեխաներ ունեմ, որոնցից մեկը ծանր հաշմանդամություն ունի, անշարժ պառկած է ... Նարինե Մանուկյան
SocityՆարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատերազմի 3րդ օրն էր, նվիրյալ թիմակիցներիս հետ միասին գլխակորույս մարդկանց էինք տեղավորում, սնում, բուժում, ամոքում... Արդեն իսկ 600ից ավել հյուրեր ունեինք Արցախից` բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներ, ծերեր:
Ասել, որ բարդ օրեր էին` չասել ոչինչ...
Ասել, որ մի պահ անգամ հոգնել, նվնվացել կամ հուսահատվել ենք` երբեք, ոչ մի վայրկյան, դե մինչև չարաբաստիկ նոյեմբերի 9ը:
Հանրապետական Վերականգնողական Կենտրոնում սնունդ էինք դասավորում, որ ուղարկեինք մարդկանց, մեկ էլ սենյակ է մտնում գլխավոր քույրն ու սառած դեմքով հեռախոսն ինձ ուղղում, թե բա ձեզ մի կին է խնդրում, ասում է շտապ է:
«Նարինե, անունս Ֆուադա է, դուք ինձ չեք ճանաչում, ես ձեզ շատ լավ գիտեմ, այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը ձեր մասին շատ են խոսում: Ես անելանելի իրավիճակում եմ, զինծառայող եմ, ամուսինս էլ, չենք կարող Արցախը լքել, պետք ենք, բայց 4 անչափահաս երեխաներ ունեմ, որոնցից մեկը ծանր հաշմանդամություն ունի, անշարժ պառկած է, մկանային ատրոֆիայով, ինքնասպասարկում չունի, սայլակ էլ չունենք, փաստաթղթեր էլ, ամեն ինչ տանն ենք թողել` Մարտունիում ու տնային հագուստով հազիվ փախչել: Ես բերող էլ չունեմ, կարող եմ մեքենա դնել ու ուղարկել, եթե գտնեք մեքենա իհարկե: Ես հնարավոր է էլ հետ էլ չգամ, չտեսնեմ երեխաներիս, խնդրում եմ, ուրիշ որևէ մեկին չեմ վստահում: Եթե դուք չնդունեք երեխաներիս` գնալու տեղ չունենք, կմնանք արկերի տակ ու...»:
Այդ օրը երեկոյան ուշ երեխաներն արդեն մեր կենտրոնում էին և մնացին մեզ հետ մինչև դեկտեմբեր:
Իմ տեսած ամենազուսպ, դաստիարակված, քչախոս ու կազմակերպված երեխաներն էին, չնայած, որ ամենամեծը 16 տարեկան էր... Եղբորը մեզ հետ հավասար խնամում էին, ժպտում էին միայն մայրիկի կամ հայրիկի հետ խոսելիս, 2 բառ, շատ արագ, առանց ավել ինֆոյի:
2021ի գարունն էր, մտա աշխատասենյակս ու տեսնեմ Արցախի բարիքների մի ամբողջ սեղան` մեր սիրելի շնորհակալ Ֆուադայից...
Ես շա՜՜՜տ սիրեցի իմ արցախցիներին, յուրահատուկ մարդիկ ինձ հանդիպեցին և իսկական բարեկամներ դարձանք:
Մինչև այսօր էլ չեն մոռանում ու անառիթ իրենց բարիքներն են ուղարկում կամ բերում:
Դժոխային օրեր ապրեցինք միասին: Ամեն օր մեկն ու մեկի ընտանիքում զոհ կար, ամեն օր ծնվում էինք ու մեռնում...
Հիշում եմ դրվագներ, ապրումներ, անասելի ցավոտ պահեր ու քարանում:
Մենք ո՞նց դիմացանք...