Ֆրանսիական Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին
CultureՀոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Կլամար քաղաքի կոնսերվատորիայի Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբության հաղորդագրության մեջ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։
Իր ելույթում Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ "100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ" մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում, Հայոց Ցեղասպանության ճանաչմանը բերած կարևոր ավանդին, ինչպես նաև, հակառակ պատմականորեն մեր ժողովրդի դեմ հառնած դժվարին մարտահրվերներին, Հայաստանի վերածննդի և նրա լավագույն ապագայի հանդեպ նրա անսասան հավատին:
Շառլ Ազնավուրի մահվան երրորդ տարելիցի օրը նրա անունը կրող համերգասրահի բացման արարողությանը ներկա էին նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, սենատոր Ֆիլիպ Պեմզեկը, Անտոնիի և Բուլոն-Բիլանկուրի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Մաֆրը, Ֆրանսիայի քաղաքապետերի միության գլխավոր քարտուղար, Սոյի քաղաքապետ Ֆիլիպ Լորանը, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։
Միջոցառման ավարտին, Կլամարի հարմոնիկ նվագախումը կատարեց Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը: