Առանց Արցախի հայկական պետականության բարեկեցիկ ապագան բացառվում է. ՀՀ–ում Արցախի մշտական ներկայացուցիչ
RightՀայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հայտարարել է, որ առանց Արցախի հայկական պետականությունը բարեկեցիկ ապագա չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված քննարկմանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Կարող եմ մի բան փաստել, որ առանց Արցախի հայկական պետականության բարեկեցիկ ապագան բացառվում է, և բոլոր ջանքերը՝ կապված կլինի Արցախ այցելելու հետ, թե առանց այցելելու ջանքեր գործադրելու, այս ուղղությամբ աշխատելու հետ, պետք է այդ հանգամանքը հաշվի առնեն», - ասել է Սերգեյ Ղազարյանը:
Արցախի մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է այն տեղեկություններին, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանական ոստիկանության կամ զինծառայողների առաջացրած հայտնի խնդիրներից, մասնավորապես, իրանցի երկու վարորդի ձերբակալելուց հետո իրանական բեռնատարների վարորդներն այլևս բեռնափոխադրումներ չեն իրականացնում այդ ճանապարհով դեպի Արցախ:
Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ Ստեփանակերտը մանրամասնորեն տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև ընթացող քննարկումներից, բայց ամեն դեպքում համոզված է, որ Ադրբեջանը շարունակելու է նման սադրանքները տարբեր ուղղություններով, և անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել դիմակայելու այդ մարտահրավերներին: