Շառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 քաղաքացի. ոստիկանություն
RightՇառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող 21 քաղաքացի: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասել է նա:
Վերոնշյալ հոդվածը վերաբերում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։
Գաբրիելյանը հավելեց, որ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ կարձակվեն արձանագրություն կազմելուց հետո 3 ժամվա ընթացքում։
Նշենք, որ այսօր Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում մի քանի տասնյակ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացրեցին` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը: Ոստիկանները պատ կազմեցին եւ չթույլատրեցին քաղաքացիներին քայլերթ իրականացնել դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ եւ ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: