Հուսով ենք՝ այս տարի կհաջողվի պահպանել գազի նույն սակագինը սահմանին. չեմ կարող խոսել 2 կամ 3 տարիների կտրվածքով. Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
VideosԿա որոշակի անորոշություն, կան որոշակի տենդենցներ. երեկվա դրությամբ ռեկորդ եղավ՝ գազի գինը կազմեց 800 դոլարին համարժեք՝ 1000 խորանարդ մետրի համար, ինչը բնականաբար որոշակի հարցեր է առաջացնում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե արդյո՞ք մենք ունենք որոշակիութուն՝ 2022-ի համար ՀՀ մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ:
«Բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում: Մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին և փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման, չնայած «Գազպրոմ» խմբի կողմից պնդում կա, որ 2013-ի համաձայնագրի շրջանակներում պայմանավորված եկամտաբերության չափը իրենց չի բավարարում: Աշխատանքային պրոցես է, բանակցություններ են, հուսով եմ՝ գազի գնի հետ կապված որևէ անսպասելի բան տեղի չի ունենա»,-ասաց նա՝ նշելով, թե երբ բանակցությունները ամփոփման փուլում լինեն, տեղեկություններ կհայտնի:
Արմեն Գևորգյանն աձագանքեց՝ փոխվարչապետի պատասխանից պե՞տք է հասկանալ, որ գազի գինը չի բարձրանա, թե՞ հարցն այնքան անորոշ է, որ չի բացառվում, որ գինը կբարձրանա:
Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ես անսպասելի ասելով՝ նկատի ունեմ՝ մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա: Բայց ժամանակի ընթացքում, տեսեք, աշխարհում ինչ է կատարվում, չեմ կարող խոսել 2 կամ 3 տարիների կտրվածքով: Հուսով ենք՝ այս տարի կհաջողվի պահպանել նույն գինը սահմանին»,-ասաց նա: