Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը
Հունիսի 7-ին ժամը 15։10-ին նախատեսվում է Կիև-Երևան չարտերային թռիչք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Ուկրաինայիում Հայաստանի դեսպանությունը։
«ԿԻԵՎ-ԵՐԵՎԱՆ-ԿԻԵՎ ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔԻ ՄԱՍԻՆ ‼️
#COVID19
Սիրելի հայրենակիցներ,
Ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 7-ին ժամը 15։10-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով (մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ 189 Եվրոյի համարժեք ուկրաինական հրիվնա):
Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղափոխվելու են իրենց կողմից նախապես տրամադրած հասցեներով։ Բոլոր ուղևորները պետք է ստորագրեն ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ Ծանուցագիր։
Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաևՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։
Ինքնաթիռում առկա է միայն 99 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի խնդրում ենք Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (հեռախոս՝ +38 044 486-49-96, +38 073 373-74-47, էլ. փոստ [email protected]) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (հեռախոս՝ +38 048 703-91-78, +38 068 300-88-77 էլ. փոստ [email protected])։ Հունիսի 2-ի դրությամբ հաշվառված է 89 ուղևոր, սակայն հնարավոր են հրաժարվողներ։ Ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։ Տոմսերի համար հնարավոր կլինի վճարել օդանավակայանում՝ մեկնելուց առաջ։
Մեկ ուղևորի տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է Բորիսպիլ օդանավակայանում)։
Թռիչքը կատարվելու է "Բորիսպիլ" օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2,5 ժամ առաջ»,- ասված է գրառման մեջ։