Աշխարհի 3-րդ ամենահարուստ գործարար Բեռնար Առնոն վաճառել է Carrefour-ի իր մասնաբաժինը
EconoмицсՖրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն որոշել է վաճառել Carrefour սուպերմարկետների ցանցի իր մասնաբաժինը, որը կազմում էր արժեթղթերի 5.5 տոկոսը: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, իր մասնաբաժինը գործարարը վաճառել է 724 մլն եվրոյով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վաճառքի մասին հայտարարության հրապարակումից հետո ֆրանսիական ընկերության արժեթղթերը գնալով արժեզրկվում են՝ ներկա պահին կորցնելով գնի 6 տոկոսը:
Եվրոպայի ամենահարուստ մարդը, որը LVMH ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է, նաև աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն է: Forbes ամսագրի գնահատումներով՝ նրա կարողությունը կազմում է 185 մլրդ դոլար: Carrefour-ում Առնոն բաժնետոմս է ձեռք բերել 2007 թվականին՝ 9.1 տոկոս բաժնետոմսի համար վճարելով 3.4 մլրդ դոլար: Աստիճանաբար վերջինս մեծացրել է իր մասնաբաժինը՝ հասցնելով 16 տոկոսի:
Գործարարն իր բաժնետոմսերի մի մասը վաճառել էր անցյալ տարվա սեպտեմբերին: Մնացած մասնաբաժնի վաճառքն Առնոն բացատրել է ներդրումային ռազմավարության վերանայմամբ: