ՌԴ֊ն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին. Սերգեյ Լավրով (տեսանյութ)
VideosՀայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները հնարավոր է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունն այս առումով լավ հայտնի է: Մենք այսօր խոսել ենք այն մասին, թե ինչպես պետք է ապահովել այդ գործընթացի արագ իրականացումը: Մենք հաստատեցինք այդ գործընթացին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը»,- ընդգծեց Լավրովը:
Լավրովը նշեց, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Ըստ Լավրովի` Միրզոյանի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման խնդիրներին:
ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ արտգործնախարարի հետ մանրամասն ուսումնասիրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որը թույլ է տվել դադարեցնել հակամարտությունը և այն բերել քաղաքական կարգավորման հուն:
«Պայմանավորվեցինք չթուլացնել ուշադրությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում լարվածություն առաջացնող գործոնների վերացման ուղղությամբ՝ ներառելով հայ ռազմագերիներին վերադարձման և ականապատ տարածքների քարտեզների հանձնման խնդիրների վերջնական լուծումը: Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը»,- եզրափակեց Լավրովը: