Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ծանոթացել են VAR համակարգի առանձնահատկություններին
SportՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ, տեսակրկնապատկերների VAR համակարգը կկիրառվի 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրից սկսած՝ բոլոր հանդիպումների ընթացքում:
Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ առաջիկա 3 հանդիպումների ընթացքում ևս մրցավարները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում դիմել VAR համակարգի օգնությանը, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Այդ կապակցությամբ օգոստոսի 29-ին Ֆուտբոլի ակադեմիա է այցելել ՀՖՖ և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը: Նպատակն ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին VAR համակարգի կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելն էր: Կարեն Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է՝ որ դեպքերում է կիրառվում VAR համակարգը, և որ դեպքերում ֆուտբոլիստները պետք է չսպասեն դրա միջամտությանը: Ֆուտբոլիստները և մարզիչները նաև հնարավորություն են ստացել Կարեն Նալբանդյանին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:
Ֆոտո՝ ՀՖՖ