Սեպտեմբերին Հայաստանում նախատեսվում է բացել Արգենտինայի առևտրային պալատ
EconoмицсՕգոստոսի 19-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային, տեղեկացնում է նախարարության մամուլ ծառայությունը։
Դեսպանը նշել է, որ հայկական ապրանքների նկատմամբ Արգենտինայում մեծ հետաքրքրություն և սպառում կա, ու առաջարկել, որ հայկական ընկերությունները, հաջողված փորձի օրինակով, դիտարկեն արգենտինական շուկայում իրենց ներկայացվածությունը։
Իր հերթին, նախարարն առաջարկել է արգենտինացի գործարարներին գործունեություն ծավալել Հայաստանում: Այս համատեքստում նա կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ Հայաստանը շահավետ պայմաններ կարող է առաջարկել արգենտինական ընկերություններին, որոնք կկարողանան իրենց պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանել։
Նախարարը նաև կարևորել է համագործակցությունը երկու երկրների երիտասարդների միջև փոխանակման ծրագրերի իրականացման, սպորտի, պարերի և այլ բնագավառներում, որոնք էլ ավելի կամրացնեն երկու երկրների կապը՝ միաժամանակ նպաստելով նաև զբոսաշրջության զարգացմանը։
Կողմերը համակարծիք են եղել, որ Արգենտինայի և Հայաստանի միջև կա մեծ ներուժ առևտրատնտեսական կապերի խորացման և ամրապնդման, երկու երկրների գործարար համայնքների միջև կապերը ակտիվացնելու համար և քննարկել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Դեսպանի խոսքով՝ Արգենտինան մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և այս ոլորտում փորձի փոխանակման և լուրջ համագործակցության լայն հնարավորություններ կան։
Վերգարան տեղեկացրել է, որ սեպտեմբերին նախատեսում են Հայաստանում բացել Արգենտինայի առևտրային պալատ: