Մարտական պատրաստականությունը ստուգելու համար՝ երրորդ զորամիավորման տանկային և հրետանային ստորաբաժանումներին հայտարարվել է «տագնապ»
SocityՕգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գնդապետ Ցականյանի ավանդը բանակաշինության և հայրենիքի պաշտպանության գործում` համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը, նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ, լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրները։ Նախարար Կարապետյանը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու` հակառակորդի բոլոր փորձերը:
Աշխատանքային այցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև զորամիավորման ենթակա զորամասերում, ծաղիկներ խոնարհել արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ինչպես նաև ծանոթացել ստորաբաժանումների ուսումնական և սոցիալ-կենցաղային պայմաններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետներում շտկել իր կողմից արձանագրված բոլոր թերություններն ու բացթողումները։
Անձնակազմի մարտական պատրաստականությունը ստուգելու համար՝ զորամիավորման տանկային և հրետանային ստորաբաժանումներին հայտարարվել է «տագնապ»:
Այցի ավարտին նախարար Կարապետյանը 44-օրյա պատերազմի մասնակից մի շարք զինծառայողների պարգևատրել է արժեքավոր նվերներով, վերադաս ղեկավարներին հանձնարարել առավել աչքի ընկած զինծառայողներին ներկայացնել պարգևատրման` գերատեսչական մեդալներով։