Հիմնարար խնդիր է, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր. ՄԻՊ
RightՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեր իրավապահ համակարգի հիմնարար խնդիրներից է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր: Ցավոք, այս պրակտիկան այդպես էլ չվերացավ:
Մեր այցերն ու բողոքներն են արձանագրել կոնկրետ դեպքեր, երբ մարդուն ազատությունից զրկում են (առավել հաճախ՝ բերման ենթարկելը կամ ձերբակալելը), դրանից հետո նոր սկսում են որոշել վարույթը պետք է լինի վարչական իրավախախտման, թե քրեական:
Ընդ որում, այս իրավիճակներում, երբ, օրինակ, բերման ենթարկվածը կամ ձերբակալվածն ինքը փորձում է հետաքրքրվել` ինչի՞ համար է զրկվել ազատությունից կամ իր նկատմամբ վարույթը լինելու է վարչական, թե քրեական, որպես կանոն, ստանում է պատասխան, որ դեռ պարզ չէ ու երբ կորոշվի, այդ ժամանակ էլ կասեն
կամ ինքը կիմանա, երբ քննիչը կամ դատախազը որոշեն: Էլ չասենք, որ փաստաբաններն են անգամ դժվարությունով պարզում:
Նշվածների մեջ առավել շատ են այն դեպքերը, երբ մարդն ազատությունից զրկվում է` ասենք, բերման է ենթարկվում, բայց իրավապահ մարմնի բերման ենթարկող աշխատակիցն ինքը չգիտի կոնկրետ ինչի արարքի համար է ազատությունից զրկում մարդուն: Այս դեպքերում առավել վատն էլ այն դեպքերն են, երբ, օրինակ, Ոստիկանության բաժնում են որոշում, թե ինչ նկարագրություն տան արարքին կամ ինչպես ներկայացնեն բերման ենթարկելու հանգամանքները ու այն էլ դա անում է այն ծառայողը, ով չի էլ մասնակցել բերման ենթարկելու պրոցեսին:
Իրականում, ոչ թե պետք է մարդուն ազատությունից զրկել և նոր հետո որոնել հիմքեր կամ ապացույցներ ու առավել ևս որոշել վարչական է վարույթը, թե քրեական, այլ իրականում անհրաժեշտ է հավաստել հակառակը՝ սկզբում պետք է լինեն հիմքերը կամ ապացույցները և դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի քննարկել մարդուն ազատությունից զրկելու, ասենք, բերման ենթարկելու կամ ձերբակալելու հարցերը»: