Դժվարություններն այլևս անցյալում են և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է. Գագիկ Ծառուկյան
SportՍիրելի՛ հայրենակիցներ,
Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելու են 32 –րդ ամառային օլիմպիական խաղերը: Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 17 մարզիկներ: Յուրաքանյուր մարզիկի երազանքն է նվաճել օլիմպիական ոսկին, բայց որ ամենակարևորն է՝ պատվո հարթակին ծածանել իր երկրի դրոշը: Հավատում եմ, որ մեր մարզիկների շնորհիվ Տոկիոյում ոչ միայն ծածանվելու է հայոց եռագույնը, այլ նաև հնչելու է մեր ազգային օրհներգը:
Սիրելի՛ օլիմպիականներ,
Այսօր ձեր առջև նոր, դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյում մեկնարկող ամառային 32 –րդ օլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ , որ դուք պատվով կկատարեք հաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում ձեր անցած մարզական ճանապարհը: Այն հեշտ ու հանգիստ չի եղել, ձեզ բաժին են հասել դժվարին մարտահրավերներ: Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դժվարություններն այլևս անցյալում են և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ:
Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է, տղե՛րք:
Վերադարձե՛ք հաղթանակած:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…