Թիմը բնավորություն ցույց տվեց. Վարդան Բիչախչյան
SportԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ»-«Շլյոնսկ» խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
«Տպավորությունս հակասական է, հանդիպումը վատ չսկսեցինք, սկզբում ունեինք պահեր, նպաստավոր դիրքերից վրիպեցինք: Մրցակցի կազմում բարձրահասակ խաղացողները շատ էին, ու մեր խնդիրները ծագելու էին օդային պայքարում: Ցավոք սրտի այդպես էլ եղավ ու 4 գոլից երեքը բաց թողեցինք օդային փոխանցումներից հետո: Ամեն դեպքում, թիմը բնավորություն ցույց տվեց: Երկրորդ կեսի սկզբում կարողացանք հավասարեցնել հաշիվը, բայց միանգամից բաց թողեցինք: Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել և կարծում եմ ամեն ինչ որոշվելու է Լեհաստանում»,-ասաց Բիչախչյանը:
Մասնագետն ընդգծել է, որ իրենք գոլեր բաց թողեցին սեփական թերացումների պատճառով. «Առաջադրանք կար, որ եզրից փոխանցումները թույլ չտայինք հասնեին տուգանային, բայց մեր թերացումների հետևանքով գոլեր բաց թողեցինք: Առանց սխալներ գործելու գոլեր չեն ընդունում: Պարզ է, որ թերացել ենք: Իմ կարծիքով, առաջին գոլից հետո մեր կարգապահությունը խախտվեց, հետո ուշքի եկանք, բայց երկրորդ գոլից հետո մրցակցին տարածություններ տվեցինք: Ուրախ եմ, որ փոխարինման մտած ֆուտբոլիստները կարողանում են եղանակ փոխել խաղում ու գոլ խփել: Առաջնությունը շուտով կսկսվի և մենք ցանկանում ենք բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն տալ»,- եզրափակեց Բիչախչյանը: