Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք. նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժներ են. Թաթոյան
RightԱդրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք. նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով` «Հայկական տեռորիստներ» կամ նման վերնագրերով: Ակնհայտ է, որ դա հատուկ է արվում ու կրում է կազմակերպված բնույթ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերն էլ լցվում են ատելությամբ «քննարկումներով», գերիներին տանջելու, սպանելու կոչերով (ապացույցները փաստագրված են):
Ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ:
Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրականում տեղի են ունենում քաղաքական սակարկություններ ու մարդկանց առևտուր. օրինակ՝ այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները:
Ցանկացած, այսպես կոչված, դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշջ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:
Առկա բոլոր փաստերը և ադրբեջանական իշխանությունների պահվածքն բացահայտ արհամարհանք է միջազգային ողջ հանրության նկատմամբ, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական իրավունքի համակարգը:
Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»,- գրել է Թաթոյանը: