Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներն աճում են, ինչը բնական է բազային վատ տարվա հետ համեմատության համատեքստում. Լիլիա Ամիրխանյան (տեսանյութ)
Econoмицс«Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն աճ են ապրել: Աճ է գրանցվել արտադրության ծավալների, ծառայությունների, առևտրաշրջանառության մասով: Բավական մեծ աճ է գրանցվել արտահանման և ներմուծման ոլորտում, ինչն օբյեկտիվ է՝ հաշվի առնելով նախորդ տարվա համաշխարհային խնդիրներից բխող իրավիճակը»: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» հատվածում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն՝ անդրադառնալով մակրոտնտեսական վիճակագրության վերջին օպերատիվ տվյալներին:
Փորձագետը նշել է, որ մի շարք գործոններ ավելի վաղ հուշում էին, որ մակրոտնտեսական ցուցանիշների աճ է լինելու: «Արդեն այս տավա կեսերից մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների աճը կանխատեսելի էր, պայմանավորված, առաջին հերթին, բազային տարվա հետ համեմատության հետ: Այսինքն, օպերատիվ տվյալները մենք համեմատում ենք անկումային տարվա հետ և բնական է, որ աճ ապահովվելու է»:
Ըստ Ամիրխանյանի՝ բացարձակ թվի աճին նպաստում է նաև գնաճը, ընդ որում և՛ ներքին, և՛ արտաքին. «Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալները հաշվարկվում են ընթացիկ գներով: Այսինքն գների աճը ևս չենք կարող շրջանցել, հատկապես այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության սպառողական որոշ ապրանքների դեպքում ունենք անգամ 40 %-ից բարձր գնաճ»:
Փորձագետը նշել է, որ դա վերաբերում է նաև արտահանմանը՝ հաշվի առնելով պղնձի գների տևական աճը. «Նշենք, որ արտահանման կառուցվածքում պնղձի մասնաբաժինը բավական մեծ կշիռ ունի»:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև արտագաղթի ցուցանիշներին և երկրից հեռացածների՝ շրջանառվող 70-80 հազար թվին: «Պաշտոնական վիճակագրությամբ ունենք դեռ առաջին եռամսյակի տվյալները, համաձայն որոնց, բացասական սալտոն կազմում է 63 հազար, և այս թիվը իրավունք է տալիս ենթադրելու, որ հաջորդ ժամանակահատվածի ցուցանիշները գումարելու պարագայում 70-80 հազարն իրատեսական է»,-նշել է Ամիրխանյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշը պետք է դիտարկել համեմատության մեջ:
«Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում այս ցուցանիշին համադրելի իրավիճակ ունեցել ենք 1992-94 թթ.-ին: Հաջորդիվ ժամանակ առ ժամանակ ունեցել ենք բացասական սալտոյի կտրուկ աճեր, օրինակ 2016թ.-ին այդ ցուցանիշը կազմել է մոտ 48000, ինչը վկայում է, որ անվտանգային խնդիրների ժամանակ այս իրավիճակը սպասելի է: Բայց անգամ 2016թ.-ի հետ այսօրվա ցուցանիշը համադրելի չէ, քանի որ այն ժամանակվա թիվն ամբողջ տարվա կտրվածքով էր, իսկ այսօրվա թիվը՝ կիսամյակային»,-ասել է փորձագետը:
Փորձագետը նշել է, որ 2000-ականներին մենք երեք տարի անընդմեջ ունեցել ենք նաև դրական սալտո:
Մանրամասները՝ տեսանյութում: