ՀԷՑ-ը՝ ընտրությունների օրը տեղի ունեցած հոսանքազրկումների մասին
Econoмицс«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է.
Հաշվի առնելով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը տեղի ունեցած հոսանքազրկումների վերաբերյալ ԶԼՄ-ների մեծ ուշադրությունն ու հետաքրքրությունը՝ հարկ ենք համարում նշել, որ ս.թ. հունիսի 20-ին տեղի են ունեցել էլեկտրամատակարարման հետևյալ ընդհատումները՝
Երևան քաղաքում՝ 12 ընդհատում՝ 5-25 րոպե տևողությամբ,
Վայքում՝ 1 ընդհատում՝ 20 րոպե տևողությամբ,
Արագածոտնի և Արմավիրի մարզերում՝ 9 ընդհատում՝ 5-30 րոպե տևողությամբ,
Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում՝ 7 ընդհատում՝ 5-30 րոպե տևողությամբ,
Շիրակի մարզում՝ 6 ընդհատում՝ 3-5 րոպե տևողությամբ,
Լոռու մարզում՝ 1 ընդհատում՝ 20 րոպե տևողությամբ:
Բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել է հնարավոր ամենակարճ ժամկետներում, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նախապես վերականգնել է իր ենթակառուցվածքների բոլոր պահուստային մալուխները և արագ անցում կատարել պահուստային մալուխներով էլեկտրասնուցման:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նույն օրը համակարգային վթարային անջատում է տեղի ունեցել Վրաստանից, որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Հայաստանի համակարգը աշխատում է Վրաստանի հետ կղզիացման ռեժիմով, և անջատման պատճառ է հանդիսացել առավելագույն բեռի առկայությունը: Անմիջապես «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության հետ համատեղ որոշում է ընդունվել Վրաստանից անցում կատարել Հայաստանի համակարգին՝ էլեկտրամատակարարումն առավելագույն կարճ ժամկետում վերականգնելու համար: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54։
Մեկ անգամ ևս հարկ ենք համարում նշել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ապաքաղաքական կառույց է, երբևէ որևէ քաղաքական ուղղվածություն չի ունեցել, և անթույլատրելի են մեր աշխատակազմին որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: