Ավազակային հարձակում Երեւանում. իր մոտ եղած երկաթե շղթան պտտելով հարձակվել է աշխատակցուհիների վրա
SocityՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մեկ անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով` 2020թ. օգոստոսի հունվարի 29-ին, Երեւան քաղաքում գործող հանրախանութի 25-ամյա հսկիչ-գանձապահը ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հունվարի 29-ին ժամը 14:05-ի սահմաններում, հանրախանութի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, հանրախանութ է մտել անհայտ անձը եւ իր մոտ եղած երկաթե շղթան պտտելով հարձակվել է դրամարկղի աշխատակցուհիների վրա, ապա նույն շղթայի գործադրմամբ` վերոնշյալ աշխատակցուհու կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածել է նրա գլխին, պահանջել գումար, ինչից հետո փորձել է խանութի դրամարկղից գումար հափշտակել:
Սակայն նույն հանրախանութի 31-ամյա մենեջերը, տեսնելով հանցավոր գործողությունները, վնասազերծել է հարձակում գործած տղամարդուն, ով բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելիս, որից հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները եւ հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա շղթան:
Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1998 թվականին: Վերջինս ձերբակալվել է եւ հարցաքննվել՝ հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով եւ տվել խոստովանական ցուցմունք:
Վերոնշյալ հանրախանութում գործունեություն ծավալող իրավաբանական անձը եւ նրա հսկիչ-գանձապահը ճանաչվել են տուժողներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: