Գավառում բացվեց մանկական ժամանցի կենտրոն
SocityՀունիսի 6-ին Գավառ քաղաքում կայացավ Արզաքանցյան ընտանիքի հերթական բարի գործը: Յուրաքանչյուր գավառցու քաջ հայտնի «Արևիկ» կինոթատրոնի բակը մի քանի ամիսների ընթացքում ամբողջովին փոխվել է՝ վերածվելով մանկական ժամանցի կենտրոնի: Գաղափարն ու նախաձեռնությունը Տիգրան Արզաքանցյանի տիկնոջը՝ Նատալյա Ռոտենբերգինն էին: Բազմաթիվ մանուկներ և նրանց ծնողներն այսօր՝ հունիսի 6-ին, անմոռանալի գունեղ, ուրախ, երաժշտությամբ ու խաղերով լի օր ունեցան: Մանկական նորաստեղծ կենտրոնի բացումն ազդարարեցին Արզաքանցյան ընտանիքի անդամները:
Զվարճալի հնարքներ ցուցադրող ծաղրածուներ, սիրված մուլտհերոսներ, վարժեցրած կենդանիներ, խաղային բազմաթիվ միջոցներ և իհարկե անսպառ անուշեղեն բոլորի համար. Արզաքանցյանները հաշվի էին առել ամենաչնչին մանրուքներն անգամ, որպեսզի երեխաներն ունենան կատարյալ օր և տրամադրություն: Դե, իսկ երեխաների ոգևորությունը սահմաններ չուներ: Փոքրիկները վայելեցին ամառային արևոտ օրը, խաղային ամենատարբեր միջոցները, պաղպաղակի և այլ անուշեղենների առատ հյուրասիրությունը: Նատալյա Ռոտենբերգը Գավառ քաղաքին նման կենտրոն նվիրելը պատահական չի համարում: Գավառն իր ամուսնու ծննդավայրն է, ուստի այս քաղաքի զարգացումն ու բարեկեցությունը իր համար էլ կարևոր է ու հետաքրքիր: Մոտ երկու ժամ տևած միջոցառման ամբողջ ընթացքում Տիգրան Արզաքանցյան- Նատալյա Ռոտենբերգ զույգը շփվեց ու լուսանկարվեց երեխաների հետ: Նատալյա Ռոտենբերգը նախատեսում է շարունակել երեխաների ազատ ժամանցի կազմակերպմանն ուղղված իր նախաձեռնությունը՝ այն հագեցնելով նորամուծություններով և առավել գրավիչ խաղամիջոցներով:
Օրվա տոնական տրամադրությունը լրացրեց տոնական տորթը: Տիգրան Արզաքանցյանի մայրը՝ Վարսենիկ Գրիգորյանը և կինը՝ Նատալյա Ռոտենբերգը կտրեցին այն և անձամբ հյուրասիրեցին փոքրիկներին: Տոնական միջոցառումից երեխաներին մնացին վառ տպավորությունները, ի հիշատակ արված լուսանկարներ և, իհարկե, մանկական կենտրոնն իր բոլոր խաղերով, որ դեռ երկար ծառայելու է Գավառի և հարակից համայնքների երեխաների ժամանցի կազմակերպմանը: Գավառցիների երկար սպասված իրադարձությունը` գործի մարդիկ իրականություն դարձրին։ Առջևում սպասվում են նոր անակնկալներ։