«Թովմասյան» հիմնադրամն իրականացրեց հերոս Գոռ Ավետիքյանի երազանքը (տեսանյութ)
VideosՊատերազմում նահատակված նկարիչ Գոռ Ավետիքյանի երազանքն իրականացավ: «Թովմասյան» հիմնադրամը կազմակերպեց Գոռի նկարների և անձնական իրերի առաջին ցուցահանդեսը: Գոռը սկսել էր նկարել շատ վաղ տարիքից` այնքան վաղ, որ նրա նկարները հստակ պատկերներ չէին, գույներ էին՝ զարմանալի, համարձակ ու, միևնույն ժամանակ, ներդաշնակ: Գոռը նկարում էր միշտ, նկարում էր ամեն բան, և մայրն այդ ժամանակ հասկացավ, որ իր որդին ասելիք ունի աշխարհին:
«Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես Գոռի, այնպես էլ պատերազմից վերադարձած մեր մյուս քաջերի վրձնած կտավները, որոնք ձեռք բերելով` մասնակիցներն իրենց ներդրումն են ունենում ծանր առողջական վիճակում գտնվող զինվորների բուժման հարցում:
Գոռի մեջ խտացված էին մարդկային ամենադրական հատկությունները, զգացմունքներն ու գույները։ Գոռն անասելի կամքի ուժի տեր երիտասարդ էր։ Նա հենց այդ կամքի ուժն էր ցույց տալիս պատերազմում՝ պայքարելով հարյուրավոր ԱԹՍ-ների դեմ:
Ավա՜ղ, Գոռը պատերազմից չվերադարձավ՝ աշխարհին թողնելով իր կտավներն ու գույները, իր երազանքներն ու մեծ սերը: «Ես ձեզ սիրում եմ». ահա այս խորագիրն էր կրում ցուցահանդեսը, որի ավարտին ցուցադրվեց համանուն ֆիլմը: