Սիսիանի հատվածում միջադեպեր չեն գրանցվել, վիրավորների վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվում․ ՊՆ
SocityՏարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հաստատել էր Գեղարքունիքի մարզում՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով հայ պայմանագրային զինծառայող է զոհվել։
Ավելի ուշ մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:
Սիսիանի համայնքի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել իրավիճակի վերաբերյալ:
«Մենք նույնպես տիրող իրավիճակի մասին տեղեկացել ենք մամուլից, բայց ընդհանուր առմամբ արդեն օրեր շարունակ առհասարակ մարզում իրավիճակը լարված է: Համայնքի ղեկավարը, վարչական մասի ղեկավարները, համայնքապետարանի տղամարդ աշխատակիցներ կամավորագրվել են և բարձրացել են դիրքեր»,-ասել էր նա։