Բնակիչներն են մոտենում, իրենց դիրքապահին ասում՝ ձին անցել է, տվե՛ք, ասում են՝ հրաման չունենք․ Տեղ համայնքի ղեկավար
SocityՆախօրեին ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Խնածախ համայնքի հովիվի ձիերը։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը տեղեկացրեց, որ ձիերը տարել են ոչ թե համայնքի տարածքից, այլ իրենց, որովհետև առաջացել են իրենց դիրքեր։
«Գողանալը իրենց (ադրբեջանցիների) մեջ կա, բայց ճիշտ բան չէ, որովհետև իրենց տարածքից մեկ մետր անցել են, դրա համար էլ վերցրել են։ Ոնց կարող էին գողանալ, եթե մեր տղաները այնտեղ են։ Միշտ էնպես է եղել, որ մեր հովիվները ձիերին տարել են այդ տարածքում արածեցնելու, հիմա իրենք էլ չեն թողնում՝ ասելով մեր վարչական տարածքն է։ Երկու ձի Խնածախ համայնքում կապած է եղել, կապը կտրվել, արածելով հասել են մինչև իրենց դիրքեր, իրենք էլ առիթից օգտվել, վերցրել են ձիերին»,- նշեց Շադունցը։
Համայնքապետն ասաց, որ խնդիրը կարգավորելու համար դիմել են ռուս սահմանապահներին։
«Տասը օր առաջ ռուսների միջամտությամբ 7 խոշոր գլուխ անասուն հետ են բերել։ Ռուսները զգուշացրել են՝ ասեք, թող ֆերմերները անասուններին պահեն, չանցնեն էնտեղ, որովհետև դժվար են կարողանում հետ բերել։ 7 խոշոր գլուխ անասուններին վերադարձնելուց հետո, զանգել, ասել են, որ 8 անասուն է, բայց քանի որ 7-ի մասին եք ասել, այդքան ենք տվել»։
Շադունցի խոսքով՝ նույնիսկ բնակիչներն են մոտենում, ադրբեջանցիների դիրքապահին ասում՝ ձին անցել է, տվե՛ք, ասում են՝ հրաման չունենք, մինչև մեր ղեկավարությունը չթույլատրի, չենք կարող տալ։
Համայնքապետն ասում է՝ բնակչության շրջանում ո՛չ վախ կա, ո՛չ խուճապ․
«Մարդիկ զբաղվում են իրենց առօրյա աշխատանքով, ձիգ են, ամուր են։ Չեք էլ պատկերացնի, թե ինչքան վախկոտ են դրանք (ադրբեջանցիները), նույն վախկոտ ազգն են դրանք»,- ընդգծեց Շադունցը։
Արփինե Հակոբյան