Աղբյուր․ Եղիշե Մելիքյանը ծեծել է թիմի լեգիոներներից մեկին
SportՄայիսի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ծեծել է թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոյին։ Այս մասին հաղորդում է «Championat»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։
Նշվում է, որ մարզչի ու խաղացողի հարաբերությունները լարվել են «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ։ Արդյունքում, ակումբը որոշել է ժամանակից շուտ խզել խաղացողի պայմանագիրը, որն ավարտվելու էր մայիսի վերջին։
«Մայիսի 20-ին՝ Ռուսաստան մեկնելուց առաջ, Կոբյալկոն գնացել է ակումբի բազա՝ թիմին հրաժեշտ տալու, որը մեկնում էր Գյումրի՝ «Շիրակի» հետ խաղին։ Կոբյալկոն մոտեցել է հրաժեշտ տալու Մելիքյանին ու խնդրել է ներողություն խնդրել, որ նա «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ հայհոյել է իր մորը։ Մերժում ստանալով՝ Կոբյալկոն թիմի առաջ ապտակել է մարզչին ու բազայի տարածքից փախել է օդանավակայան։
Օդանավակայանում Կոբյալկոյին բռնել են Եղիշե Մելիքյանն ու «Փյունիկի» գլխավոր տնօրեն, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ Կիմ Առաքելյանն ու մարդկանց առաջ ծեծել են նրան՝ պառկեցնելով գետնին ու գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով։ Ոստիկանությունում Կոբյալկոն հրաժարվել է ցուցմունք տալ ու մեկնել է Ռուսաստան»,- իր աղբյուրի խոսքերն է մեջբերում «Championat»-ը։
Shamshyan.com-ը ևս անդրադարձել է միջադեպին՝ գրելով, որ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 20-ին, օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: